Քարոզարշավին մասնակցելը փողո՞վ է. ՔՊ–ն հերքում է, դատախազությունը` ուսումնասիրում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ
Առաքելության տվյալներով` գովազդային ծառայություններ մատուցող ընկերությունն աղջիկների է հավաքագրում` 1 ժամի համար վճարելով 1000 դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր գործունեության ընթացքում միշտ մերժել և շարունակում է մերժել գումարի դիմաց քաղաքացիներին հանրահավաքներին, երթերին ներգրավելու արատավոր երևույթը։ Այս հայտարարությունն արել է Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ–ի նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը` արձագանքելով մամուլի հրապարակումներին։
Նշենք, որ այսօր ԶԼՄ–ներում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ ՔՊ–ն իր նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար գումար է բաժանում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում ահազանգել էր «Ականատես» դիտորդական առաքելությունը։ Նշվում էր, որ գովազդային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը ՔՊ–ի քարոզարշավի համար հավաքագրում է աղջիկների` 1 ժամի համար վճարելով 1000 դրամ։
«Ականատեսը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու համար` արդյոք վերը նշված գործողություններն ունեն ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված՝ քայլերթերին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի տարրեր։ Ականատեսն ունի վերը նշվածն ապացուցող մի շարք ձայնագրություններ և այլ նյութեր։ Անձնական տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներով առայժմ հրապարակվում են դրանց մի մասը»,– նշված է դիտորդական առաքելության գրառման մեջ։
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ծանոթացել են հրապարակմանը և ուսումնասիրում են այն։
Միաժամանակ Արմեն Փամբուխչյանն էլ իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավն իրականացնում է բացառապես օրենքով սահմանված կարգով։ Գովազդային գործակալությունների հետ համագործակցում է բացառապես պաստառներ փակցնելու, թռուցիկներ տարածելու, լեդ էկրաններին գովազդային հոլովակներ տեղադրելու և նման այլ հարցերով։
Կուսակցությունն էլ իր հերթին է դիմել իրավապահ մարմիններին` կոչ անելով անհապաղ ստուգել հրապարակված հոդվածում առկա տեղեկության իսկությունը և դրանում քրեաիրավական գնահատականի արժանի արարքի առկայությունը։
ՀԻշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17–ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23–ին, կավարտվի սեպտեմբերի 15–ին։
Ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ ուժերը.
«Հանրային ձայն» կուսակցություն,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
«Արդար Հայաստան» կուսակցություն,
«Հաղթանակ» կուսակցություն,
«Ուժը հայրենյաց» կուսակցություն,
Հայաստանի եվրոպական կուսակցություն,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն,
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,
«Հանրապետություն» կուսակցություն,
«Միացյալ Հայաստան» կուսակցություն,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
«Ժողովրդավարական համախմբումը» կուսակցություն,
«Ապրելու երկիր» կուսակցություն,
«Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինք։