Պուտին-Էրդողան հանդիպումը 1,5 ժամ է տևել. ի՞նչ են քննարկել

Էրդողանն ու Պուտինը
Պուտինը Էրդողանի հետ բանակցություններից հետո միայն մեկ նախադասությամբ է հիշատակել Ուկրաինան, բայց մի քանի րոպե խոսել է հացահատիկի գործարքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք տևել են մեկուկես ժամ:

Հացահատիկի մասին

Բանակցությունների ամենասպասված թեմաներից մեկը հացահատիկի գործարքի ապագան էր:
«Արևմուտքը, մեղմ ասած, խաբում էր մեզ Սևծովյան նախաձեռնության՝ զարգացող երկրներին աջակցություն ցուցաբերելու մարդասիրական նպատակների հարցում, քանի որ Ուկրաինայից արտահանված 32,8 մլն տոննա բեռներից ավելի քան 70%-ը բաժին է հասել ապահովված երկրներին, առաջին հերթին՝ Եվրամիության երկրներին»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նրա խոսքով՝ կարիքավոր երկրներին բաժին է հասել ընդամենը 3 տոկոսը, ինչը 1 մլն տոննայից էլ քիչ է։
Պուտինն ընդգծել է, որ մինչ Ռուսաստանն ապահովում էր հացահատիկի միջանցքով անվտանգ անցումը, մյուս կողմը մարդասիրական միջանցքներն օգտագործում էր ռուսական քաղաքացիական և ռազմական օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակումների համար:
Էրդողանն այս համատեքստում նշել է, որ Ուկրաինան պետք է մեղմացնի Սևծովյան միջանցքի վերաբերյալ իր մոտեցումը հացահատիկային գործարքի շրջանակում:
Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ կլինի վերակենդանացնել հացահատիկի գործարքը և դա կանի անմիջապես, հենց որ կատարվեն բոլոր արձանագրված պայմանավորվածությունները։
ՌԴ նախագահը նշել է, որ չնայած բոլոր խոչընդոտներին` Ռուսաստանը մտադիր է շարունակել պարենամթերքի և պարարտանյութերի արտահանումը, նպաստել գների կայունացմանը և համաշխարհային գյուղատնտեսական ոլորտի իրավիճակի բարելավմանը:

Բանակցությունների մասին

Պուտինի խոսքով`Էրդողանը մեծ ուշադրություն է դարձնում Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորմանը, սակայն նրա միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները Կիևն աղբանոց է ուղարկել։
«Ոչ ոք դրան չի վերադառնում։ Մենք լսում ենք ինչ-որ նոր նախաձեռնությունների մասին, բայց դա այն չէ, ինչ մեզ հետ երբևէ քննարկվել է։ Այդ պատճառով մենք ոչ մի նոր բան չենք ընկալում»,- հավելել է նա։
Պուտինը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ուկրաինական հարցի շուրջ բանակցություններից և հիմա էլ չի հրաժարվում:
«Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ ջանքեր գործադրելու հարցում։ Մենք մեր երկրում կազմակերպել ենք հակամարտության կողմերի միջև բանակցությունները։ Մենք կրկին պատրաստ ենք միջնորդի գործառույթ ստանձնել»,-ի պատասխան հայտարարել է Էրդողանը։

Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման մասին

ՌԴ նախագահը, մեկնաբանելով ռազմական հատուկ գործողության գոտում Ուկրաինայի հակահարձակումը, հայտարարել է, որ դա տեղում դոփելչէ, դա ձախողում է, և հույս է հայտնել, որ հակահարձակման հետագա փորձերը ևս կձախողվեն։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հերթին հայտարարել է, որ համաձայն է գերագույն գլխավոր հրամանատարի կողմից Ուկրաինայի հակահարձակման գնահատականի հետ:
«Երևի ճիշտ չէ, որ ես մեկնաբանեմ գերագույն գլխավոր հրամանատարի ասածը, ես կարող եմ միայն հաստատել, որ դա իսկապես այդպես է»,- ասել է Շոյգուն լրագրողներին:
Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները համենայն դեպս վերջին տասը օրում կատաղի գրոհներ են իրականացնում մեծ ուժերով և տրված հրամանները կատարելու մեծ հույսերով։
Հիշեցնենք` Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի բանակցությունները կայացել են այսօր Սոչիում: Բանակցությունների առաջին մասը տեղի է ունեցել պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։ Այնուհետև երկրների ղեկավարները շփումը շարունակել են ճաշի սեղանի շուրջ։