ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Մանկական այգու տարածքում (նախկինում՝ Կիրովի անվան զբոսայգի) ինքնակամ կառուցված շինություններն օրենքի խախտմամբ սեփականաշնորհվել են, նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նշվում է, որ օտարման ոչ ենթակա տարածքում ինքնակամ կառուցվել են 23.4 և 20.0 քմ մակերեսներով շինություններ, 13.1 քմ մակերեսով բեմ, 6.0 քմ մակերեսով ստորգետնյա պոմպակայան, 11.2 քմ և 2.2 քմ մակերեսներով ստորգետնյա շինություններ, 22.0 քմ և 49.0 քմ մակերեսներով ջրավազան։
Այնուհետև օրենսդրական պահանջների խախտմամբ այդ շինությունները ճանաչվել են Ա.Թ.-ի սեփականությունը:
«Երևանի քաղաքապետի (Երվանդ Զախարյան,–խմբ.) 2004 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման հիման վրա Կադաստրի կոմիտեում կատարվել է իրավունքի պետական գրանցում, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության (համայնքի) օրինական շահերին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։
2023 թվականի օգոստոսի 24-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական նախկին օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):