Կարդում, զարմանում եմ, թե մարդիկ ինչ երևակայություն ունեն. Մինասյանը` իր հրաժարականի մասին

Մամուլում արդեն իսկ շրջանառվում են Մինասյանին հնարավոր փոխարինողների անուններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի–Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը զարմացած է իր հրաժարականի մասին մամուլում պտտվող լուրերից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նախարարն այդ լուրերը կեղծ անվանեց։
«Կարդում, զարմանում եմ, թե մարդիկ ինչ երևակայություն ունեն։ Չեմ հասկանում, թե ինչու են սուտ լուրեր տարածվում»,– ասաց նախարարը։
Նա չցանկացավ մեկնաբանել պտտվող լուրերն արդեն շրջանառվող թեկնածուների մասին։
«Բամբասանքներ են, թույլ տվեք բամբասանքները չմեկնաբանել»,– ասաց Մինասյանը։
Նշենք, որ օրերս «Հրապարակը» գրել էր, թե աշնանը կառավարությունից հեռացող նախարարներից մեկը կլինի ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Ըստ թերթի աղբյուրի՝ Մինասյանին փոխարինողների ցանկում առաջինը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է։ Շրջանառվում է նաև ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի անունը։
Աշնանը կարող են պաշտոնանկություններ լինել. հատկապես ո՞ր նախարարից է դժգոհ Փաշինյանը
Թերթը գրում էր նաև, որ դեռևս Կարեն Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնից հեռանալուց հետո Փաշինյանը հակված է եղել Եղիշե Կիրակոսյանին նշանակել, սակայն Անդրեասյանն ամեն ինչ արել է, որ իր մտերիմ ընկերը նշանակվի։