ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման համար որևէ պայմանավորվածություն չկա։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Տեղի և վայրի վերաբերյալ ընթացքում աշխատանքային կոնտակտների մակարդակով ինչ–որ հարցեր քննարկվում են, բայց որևէ պայմանավորվածություն չկա»,– նշեց նա։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում:
Այս պահին գործընթացի պասիվացումը, ըստ փոխվարչապետի, ունի պատճառներ։
«Որքան էլ ապաշրջափակման հարցերը դիտարկենք որպես ապաշրջափակման հարցեր, ընդհանուր ֆոնը պետք է նպաստավոր լինի։ Ինչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն և խաղաղություն»,– ընդգծեց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց, ու այն կիրառելի կլինի միայն խաղաղության ֆոնին։
Աշխատանքային խմբի վերջին հանդիպումից հետո հայտարարվել էր, որ ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:
Մհեր Գրիգորյանը վերահաստատեց` ենթակառուցվածքների և կապի մասով կա փոխադարձ ընկալում ու համաձայնություն, բայց շահագործման հետ կապված բազմաթիվ հարցեր դեռ կան։