«Երկու ամիս առաջ մեր բալիկը ծնվեց». Գրիգոր Մինասյանը` արբիտրաժային կենտրոնի ստեղծման մասին

Հայաստանում կատարված նոր բարեփոխումներով պրոֆեսիոնալ փաստաբաններին «ստիպում են» ներգրավվել հաշտարարության գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի–Sputnik. ՀՀ փոխվարչապետի աջակցությամբ հեղափոխական քայլ է կատարվել, և արբիտրաժային որոշ վճիռներ դուրս են բերվել դատական հաստատման տիրույթից։ Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ելույթ ունենալով Երևանում տեղի ունեցած Միջազգային արբիտրաժային կոնֆերանսի ժամանակ։

«Մեր խոշոր ներդրողները, գործարարները, երբ իրենց պայմանագրերում ամրագրում էին արբիտրաժային կենտրոնի, այսպես ասած, վեճը հանձնելուն, ստիպված էին դատարանում մի քանի շաբաթ, նույնիսկ մի քանի ամիս սպասել, որպեսզի նախ այդ արբիտրաժային որոշումը կնքվի, հաստատվի, ապա նաև երկարատև պրոցես էր, մինչև որ արբիտրաժից գնա Հարկադիր կատարման ծառայություն»,– բացատրեց Մինասյանը։

Իրականացված բարեփոխումների շնորհիվ շատ կարևոր արբիտրաժային որոշումներն արբիտրաժային կենտրոնները կարողանում են ուղարկել Հարկադիր կատարման ծառայությանը։
Նախարարը նաև հաշտարարության ոլորտում կատարված փոփոխություններից մեկն է հեղափոխական անվանում։
Արբիտրաժային համակարգի զարգացումը ՀՀ–ն ավելի գրավիչ կդարձնի բիզնեսի համար. Մհեր Գրիգորյան
Մասնավորապես, ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարության գաղափար է ներդրվել։ Նրա խոսքով` սա շատ կարևոր է, որովհետև հաշտարարության ինստիտուտը նույնիսկ զարգացած երկրներում է դեռևս պրոբլեմատիկ, իսկ այս որոշմամբ Հայաստանում ստեղծվեց մի հարթակ, որով ստիպում են պրոֆեսիոնալ փաստաբաններին ներգրավվել հաշտարարության գործում։
«Այս ամենը կլիներ զուտ պրոցեսի նկարագրում, եթե չլիներ շատ կարևոր մեր նոր երեխայի ծնունդը` արբիտրաժային մեր կենտրոն ստեղծումը։ Երկու ամիս առաջ մեր բալիկը ծնվեց, և շատ դժվար պրոցես էր` 3-4 տարի տևող»,– ասաց Մինասյանը։
Նա հավելեց, որ թեպետ այսօր ինքն է խոսում այս ամենի մասին, բայց այն ոչ պետական է, այսինքն` հաջողվել է ստեղծել անկախ մի ինստիտուտ` իր կանոնակարգերով, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին։
Արդարադատության նախարարությունը 110 միլիոնի համակարգչային հսկողության սարքեր է ձեռք բերել