ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Երևան քաղաքում շինարարության հետևանքով մթնոլորտայի օդի պահպանության մասին օրենքը խախտելու համար 4 տնտեսվարողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին զեկուցեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի ներկայացուցիչը։
Նախորդ շաբաթ տեսչական մարմնի թեժ գծին քաղաքացիներից ու կազմակերպություններից ստացվել է 10 ահազանգ։ Բոլոր դեպքերում հարուցվել են վարչական վարույթներ։
3 դեպքում տնտեսվարողների նկատմամբ չեն կազմվել վարչական իրավախախտման արձանագրություններ, քանի որ խախտումներ չեն հայտնաբերվել։
3 վարույթ էլ ընթացքի մեջ է։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավանիյանը հայտարարել էր, որ Երևան քաղաքում շինարարության հետևանքով առաջացած փոշու ամպերի հետ կապված ցանկացած ահազանգից հետո պետք է գնալ տվյալ տարածք և արձանագրություններ կազմել։
Հավելենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը, ներկայացնելով Երևանում նախորդ շաբաթվա մթնոլորտային օդի որակը, հայտնել էր, որ Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։