ԵԱՏՄ–ում առաջինը. տնտեսագետը մեկնաբանում է ՀՀ–ում միջին աշխատավարձի կտրուկ աճի պատճառները

Կարեն Ադոնցը թվարկում է այն գործոնները, որոնք ազդել են միջին աշխատավարձի բարձրացման վրա։
Sputnik
Հայաստանում միջին աշխատավարձի կտրուկ բարձրացումը երկու հիմնական պատճառ ունի` ՏՏ ոլորտի աշխատակից ռելոկանտների ներհոսքը և պետական որոշ ոլորտներում աշխատավարձերի բարձրացումը։ Տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած վիճակագրությունը, որի համաձայն` այս տարվա առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամ երկրների շարքում աշխատավարձերն ամենաշատը աճել են Հայաստանում։
«ՏՏ ոլորտի ռելոկանտների աշխատավարձերը բավական բարձր են, և եթե դրանք միջինացնում են, բնական է, որ միջին աշխատավարձը բարձրանում է։ Երկրորդ` պետական սեկտորում բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ աշխատավարձերի բարձրացումը էլի դրական է ազդել միջին աշխատավարձի հաշվարկի վրա»,– ասաց Ադոնցը։
Կա նաև երրորդ գործոնը` անկանխիկ գործառնությունների օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մասնավոր ոլորտում գործատուները ստիպված են եղել կրճատել աշխատավարձերի անկանխիկ վճարումները, ինչը ևս դրական ազդեցություն է ունեցել միջինացված աշխատավարձի վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով` այս տարվա առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամ երկրների շարքում աշխատավարձերն ամենաարագը աճել են Հայաստանում` 114.7 տոկոսով։ Երկրորդ տեղում Ղրղզստանն է`114․6 տոկոսով։
Չնայած դրան` այս երկրներում աշխատավարձերի իրական չափերը դեռ հեռու են ռեկորդային լինելուց. Հայաստանը միջին աշխատավարձի ցուցանիշով ԵԱՏՄ անդամ 5 երկրների շարքում երրորդ տեղում է` 671 դոլար անվանական աշխատավարձով, Ղրղզստանը` վերջինը` 367–ով ։ Այս ցանկում առաջինը Ռուսաստանն է (915$), երկրորդը` Ղազախստանը (780$), չորրորդը` Բելառուսը (633$)։