Արարատի զորակոչի բաժնի ավագ մասնագետի նկատմամբ քրգործ է հարուցվել կաշառք վերցնելու համար

Կաշառք
Երկու ամսվա ընթացքում ՀՀ ՊՆ զորակոչի բաժնի ավագ մասնագետը պահանջել և ստացել է 10 հազար ԱՄՆ դոլարից ավելի գումար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Արարատի զորակոչի բաժնի ավագ մասնագետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խոշոր չափերով կաշառք վերցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Դատախազությունից հայտնում են, որ Ա.Թ.-ն, լինելով ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ, 2023 թ. մարտ-ապրիլ ամիսներին տարբեր անձանց զինվորական ծառայությունից կամ զորավարժություններից ազատելու համար պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք:
Մի դեպքում Ա.Թ.–ն իր մտերիմ Ռ.Ա.–ի միջոցով ՀՀ մի քաղաքացուց ստացել է 10 հազար դոլար` որդուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար։
Մեկ այլ դրվագով՝ Ա.Թ.–ն, կրկին իր մտերիմ Ռ.Ա.–ի միջոցով, Արարատի մարզի երկու բնակչից ստացել է 120 հազար դրամ կաշառք՝ նրանց 2023 թ. հերթական վարժական հավաքից ազատելու համար:
Բացի այդ, նույն Ա.Թ.–ն զանգահարել է Արարատի մարզի մեկ այլ բնակչի և հայտնել, որ տարածքային ստորաբաժանման կողմից նրան վարժական հավաքին ներկայանալու վերաբերյալ ծանուցագիր է ուղարկվելու և ծանուցագիրը չուղարկելու համար՝ որպես կաշառք, առաջարկել է տվյալ անձին պատկանող ռեստորանային համալիրում Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման հինգ ծառայողի համար հյուրասիրություն կազմակերպել: Տվյալ անձը ընդունել է առաջարկը` յուրաքանչյուր զինծառայողի հյուրասիրության համար վճարելով 15 հազար դրամ:
Հսկող դատախազի նախաձեռնությամբ Ա.Թ.–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խոշոր չափերով կաշառք ստանալու, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու հոդածների հատկանիշներով։