Ամեն ինչ արվում է լիարժեք հարմարավետության համար. ՀՀ փոխվարչապետը՝ Երասխի գործարանի մասին

Երասխի մետալուրգիական գործարանի շինհրապարակը պարբերաբար գնդակոծվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ինչի արդյունքում աշխատանքները պարբերաբար դադարեցվում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են ներդրողների հարմարավետ տնտեսական գործունեությունն ապահովելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետը նշեց, որ Երասխ գյուղում մետալուրգիական գործարանի կառուցման վայրի հնարավոր տեղափոխման մասին տեղեկություն չունի և չի կարող մանրամասներասել հետագա զարգացումների մասին։

«Ես կարծում եմ, որ բոլոր պատկան մարմինները զբաղվում են այդ հարցով, որպեսզի ներդրողը Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու համար ունենա լիարժեք հարմարավետություն», - ասաց Մհեր Գրիգորյանը:

Նա մանրամասներ չներկայացրեց, բայց վստահեցրեց, որ դրա համար արվում է անհրաժեշտ ամեն ինչ։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնել էր, որ Երասխում կառուցվող գործարանն առաջիկայում կարող է տեղափոխվել ավելի անվտանգ վայր։ Դրանից հետո երկու բաժնետերերից մեկը` Virtual Funding ընկերության սեփականատեր, գործարանը կառուցող GTB ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանը հայտարարել էր, որ նման ծրագրեր այս պահին չկան, և «տեխնիկական դադարից» հետո շինարարությունը կշարունակվի։
Ընդ որում, դրանից առաջ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ իշխանությունները կփորձեն ապահովել նախագծի անվտանգությունը:
Հունիսի 13-ից ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Երասխի գործարանի շինհրապարակը, միջադեպերից մեկի ժամանակ վիրավորվել էին Հնդկաստանի երկու քաղաքացի:
Երասխից որևէ վտանգավոր ազդեցություն չի կարող լինել. ՀՀ ՇՄՆ–ն պատասխանել է Ադրբեջանին
Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի սեփականատերերն են ամերիկյան Virtual Funding և CESI Global Investments ընկերությունները: Հուլիսի 14-ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին` զգուշացնելով, որ անզեն աշխատողների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերսկսման դեպքում իրենք դա կդիտարկեն որպես ուղիղ հարված ամերիկյան կապիտալին: