ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է ադրբեջանական կրակոցներից վիրավորված զինծառայողներին։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«Քիչ առաջ այցելեցի սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հրազենային ծանր վիրավորում ստացած Նարեկ Կարենի Պողոսյանին, որի սրտի զարկը հրաշքով վերականգնվել էր, և Լյուդվիկ Սերժիկի Մասիհի-Յուսաֆին»,– գրել է ԱԺ նախագահը։
Սիմոնյանն առողջություն է մաղթել տղաներին և նշել, որ նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին ինտենսիվ կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել էր նաև ականանետներ և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:
Նարեկ Պողոսյանին, որի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցանկում, բժիշկները կարողացել էին փրկել ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում։