Ուկրաինայի ՊՆ-ի նոր հրամանի համաձայն կզորակոչվեն նախկինում զինապարտ չհամարվողները․ ԶԼՄ

Ուկրաինայի դրոշը պաշտպանության նախարարության շենքի վրա
Ուկրաինայում զորահավաքի ժամանակ զինվորական ծառայությունից խուսափելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, որը մինչև հինգ տարվա ազատազրկում է նախատեսում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը թարմացրել է հիվանդությունների ցանկը զինծառայողների պիտանիության գնահատման համար․ ըստ նոր ցուցակի, «վիճելի» հոդվածներով ծառայության համար պիտանի կճանաչվեն բոլորը, ընդ որում՝ սահմանափակ պիտանի համարվողները կհամարվեն պիտանի կոնկրետ ռազմական մասնագիտության համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես հաղորդում է Ukrainian Military Pages պարբերականը, Ուկրաինայի զինված ուժերում ռազմաբժշկական փորձաքննության մասին դրույթում փոփոխությունները կատարվել են օգոստոսի 18-ին՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հրամանով և ուժի մեջ են մտել օգոստոսի 25-ին: Ամբողջությամբ թարմացվել է զինծառայողների պիտանիությունը գնահատելու համար հիվանդությունների ցանկը, հստակեցվել է սահմանափակ պիտանիության համար ծառայության վայրը որոշելու կարգը, ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից որոշման ընդունման կարգը՝ զինվորական ծառայության անցնելու հետ հիվանդության, վնասվածքի (վիրավորման, կոնտուզիայի, խեղման) պատճառահետևանքային կապի վերաբերյալ:
Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ից ռազմական դրության ռեժիմ է սահմանվել, հաջորդ օրը Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին։ Ռազմական դրության գործողության ընթացքում Ուկրաինայից 18-60 տարեկան տղամարդկանց մեկնելն արգելվում է։ Ծանուցագիրը կարող են հանձնել տարբեր վայրերում: Պարտադիր չէ, որ այն հանձնի հավաքագրման և սոցիալական աջակցության տարածքային կենտրոնի ներկայացուցիչը (Ուկրաինայում ներկայումս այդպես են կոչվում զինկոմիսարիատները), դա կարող են անել նաև ձեռնարկության ղեկավարները, որտեղ աշխատում է զորակոչիկը, բնակկոմունալ ծառայությունների ղեկավարները, շենքի կոմիտեի ներկայացուցիչները և այլ պաշտոնատար անձինք: