ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Մինչև 2025 թվականը պղինձը կարող է ավելի շատ թանկանալ, քան 2006-2007 թվականներին թանկացել էր նավթը, որի գներն այն ժամանակ հասել էին գագաթնակետին։ Այս մասին հայտնում է Fortune պարբերականը՝ հղում անելով Citigroup ֆինանսական կորպորացիայի բորսային շուկաների դեպարտամենտի տնօրեն Մաքս Լեյթոնին։
Չինաստանի տնտեսության դանդաղումը նվազեցրել է ոչ միայն նավթի, այլև պղնձի համաշխարհային գները։ Ներկայումս Լոնդոնի մետաղների բորսայում դրա գնանշումները գտնվում են մեկ տոննայի դիմաց 3 360 դոլարի մակարդակում, մինչդեռ հունվարի կեսերին դրանք գերազանցում էին 9 400 դոլարը:
Այնուամենայնիվ, City-ի գնահատմամբ, մինչև 2025 թվականը պղնձի գինը կարող է հասնել մեկ տոննայի համար 15 հազար դոլարի: Ավելի հոռետեսական սցենարի դեպքում պղնձի գները 2025 թվականին կնվազեն մինչև 7,500 դոլար, եթե Չինաստանի տնտեսության վերականգնումն ավելի դանդաղ ընթանա, իսկ ԱՄՆ-ում և Եվրոպայում տոկոսադրույքների ազդեցությունն ավելի ուժեղ զսպի համաշխարհային տնտեսությունը (և, հետևաբար, պղնձի սպառումը):
«Ներկայումս համաշխարհային տնտեսությունը դանդաղեցման փուլում է, առևտուրը կանգ է առել։ Բայց պղնձի գնի թռիչքը, որը վաղ թե ուշ տեղի կունենա, այնպիսին կլինի, որ դրա համեմատ նավթի գների թռիչքը մանկական խաղ կթվա»,- հայտարարել է Լեյթոնը։
2006-ի կեսերից մինչև 2007-ի վերջը նավթի գին մեկ բարելի դիմաց 50 դոլարից հասել էր 150 դոլարի, քանի որ զարգացող երկրները ավելացրել էին սպառումը, իսկ արդյունահանումն էապես չէր աճել:
Պղնձի դեպքում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Չինաստանում սպառման վրա, որը կազմում է աշխարհում պղնձի գնումների կեսից ավելին: 2023 թվականի առաջին կիսամյակում չինական ձեռնարկությունները 12%-ով նվազեցրել են պղնձի գնումները։
Այնուամենայնիվ, ինչպես ժամանակին նավթի դեպքում, գները վաղ թե ուշ կաճեն հիմնարար գործոնների՝ ինչպես Չինաստանի տնտեսության վերականգնման, այնպես էլ էլեկտրական մեքենաների և մոտոցիկլետների անցնելու պատճառով, կարծում են Citigroup-ում։
Հիշեցնենք, որ պղնձի խտանյութը (մշակված հանքաքար, մաքուր պղնձի կիսաֆաբրիկատ) շարունակում է Հայաստանի խոշորագույն արտահանվող ապրանքը մնալ․ 2022 թվականին այն կազմել է երկրի արտահանման հասույթի ավելի քան 12%-ը (660 մլն դոլարից մի փոքր ավելի)։