Կարկուտը ոչնչացրել է խաղողի այգիները վրացական Կախեթիի երեք խոշոր շրջաններում

Կարկուտ. Արխիվային լուսանկար
Ուժեղ քամուց վնասվել են պտղատու ծառեր, մշակաբույսեր ու էլեկտրահաղորդման հենասյուներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Կարկուտը և ուժեղ քամին ոչնչացրել են խաղողի այգիները Կախեթիի երեք խոշոր` Թելավի, Գուրժդաանի և Ախմետի շրջաններում: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Նշվում է, որ ամենից շատ տուժել են Վաչնաձիանի, Կալաուրի, Վազիսուբանի, Շաշիանի, Վելիսցիխե, Լալիսկուրի, Պշավելի գյուղերը։
Կարկուտը վնասել է նաև տանիքներ ու ավտոմեքենաներ։ Ուժեղ քամուց տուժել են պտղատու ծառեր, մշակաբույսեր։ Վնասվել են նաև էլեկտրահաղորդման հենասյուներ: Որոշ տներ զրկվել են էլեկտրաէներգիայի մատակարարումից։
Կախեթիի նահանգապետի գլխավորությամբ հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի տների և խաղողի այգիների վնասման աստիճանը։
«Առավոտյան բնական աղետից տուժած համայնքներում կարձանագրվեն վնասները, որպեսզի մենք կարողանանք ժամանակին վերանորոգել վնասված տանիքները։ Մենք նաև կապ ենք պահպանում «Ռտվելի-2023»-ի շտաբի հետ, որպեսզի խաղողի փչացած բերքը հնարավոր լինի ժամանակին փոխանցել գինեգործներին»,-հայտարարել է Կախեթիի նահանգապետ Գեորգի Ալադաշվիլին։
Տեղի բնակիչների խոսքով ՝ իրենք մնացել են առանց բերքի, և նրանց համար դժվար կլինի վճարել վարկերը։