ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Հաքերները Մեծ Բրիտանիայի ռազմական և հետախուզական օբյեկտների մասին հույժ գաղտնի տեղեկատվության հազարավոր էջեր են հրապարակել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Mirror թերթին:
Նշվում է, որ հաքերները տվյալների հազարավոր էջեր են հրապարակել, որոնք կարող են չարագործներին օգնել մուտք գործել HMNB Clyde ատոմային սուզանավերի բազա, Porton Down քիմիական զենքի լաբորատորիա և կառավարական կապի կենտրոնի տեղեկատվությունը որսալու կետ:
Թերթը պնդում է, թե հաքերներն իբր կապված են Ռուսաստանի հետ։
Պարբերականի տվյալներով՝ LockBit հաքերային խումբը կարողացել է տեղեկատվություն գողանալ խիստ ռեժիմի բանտերի և ռազմական օբյեկտի մասին, որը առանցքային նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի կիբեռպաշտպանության համար: Պարբերականը պնդում է, որ հաքերները գրոհել են Zaun ընկերության տվյալների բազաները, որը ցանկապատեր է արտադրում խիստ ռեժիմի օբյեկտների համար։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանին հաքերական հարձակումների համար մեղադրելը սիրված հոբբի է ամբողջ աշխարհում: ՌԴ իշխանությունները բազմիցս հերքել են իրենց մասնակցությունը կիբեռհարձակումներին և հաքերային գործունեությանը, պատրաստակամություն են հայտնել համագործակցել հաքերների դեմ պայքարում և երկխոսություն վարել կիբեռանվտանգության շուրջ: