Երևանում հնչել են կրակոցներ. երեք անձ ձերբակալվել է

ՀՀ ոստիկանություն
Շենգավիթի քննչական բաժնում դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Այսօր գիշերը կրակոցներ են հնչել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Կրակոցները հնչել են Թամանցիներ փողոցում գործող «Պարադիս» հյուրանոցային համալիրի մոտ։
«Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են 1 հատ «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, 4 հատ 7.62 տրամաչափի փամփուշտ և 12 հատ պարկուճ»,– գրված է կայքում:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Թամանցիների փողոցի 57 հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 3 քաղաքացու:
Կայքի տեղեկություններով` ձերբակալվածները Երևանի բնակիչներ 29-ամյա Հրայր Լալայանը, 29-ամյա Աշոտ Սարգսյանը և 25-ամյա Գևորգ Գինոսյանն են:
Ավելի ուշ Հրայր Լալայանը խոստովանել է, որ հայտնաբերված ինքնաձիգից ինքն է կրակոցներ արձակել:
Նշված անձինք և հանցագործության գործիք ինքնաձիգը ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: