ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը չի հանդիպի արքայազն Հարրիի հետ՝ վերջինիս Մեծ Բրիտանիա ժամանելուց հետո, քանի որ ժամանակ չունի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Daily Mail թերթին:
«Թագավորն իր օրակարգում ժամանակ չունի որդուն տեսնելու համար»,-գրում է պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին:
Ավելի վաղ Times թերթը հայտնել էր, որ արքայազն Հարին կգա Մեծ Բրիտանիա՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան առաջին տարելիցի նախօրեին բարեգործական պարգևների հանձնման արարողությանը մասնակցելու, նա չի պատրաստվում հանդիպել թագավորական ընտանիքի անդամների հետ:
Արքայադուստր Դիանայի նախկին սենեկապան Փոլ Բարելն ավելի վաղ հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը արքայազն Հարիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին, չի հրավիրել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան առաջին տարելիցին, քանի որ պետք է ներկա լինեն միայն միապետի ընտանիքի մերձավոր անդամները:
2020 թվականին արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը հեռացան Մեծ Բրիտանիայից՝ թագավորական ընտանիքի հետ կոնֆլիկտից հետո` հրաժարվելով թագավորական պարտականություններից։ 2021 թվականի մարտին զույգը սկանդալային հարցազրույց տվեց Օփրա Ուինֆրիին, որում ազգականներին մեղադրեց անտարբերության, մշտական ճնշումների և ռասիզմի մեջ։ Այդ ժամանակից ի վեր արքունիքի հետ նրանք հարաբերությունները շարունակում են լարված մնալ։
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, որը երկիրը կառավարում էր ավելի քան 70 տարի, մահացել է 2022 թվականի սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում, 96 տարեկան հասակում: Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին՝ Վեսթմինսթերյան աբբայությունում։