ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Արցախում ալյուրի սղության պատճառով առաջացած հացի խնդիրը մեղմելու համար ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Մասնավորապես` ԱՀ ԳԳԱ հիմնադրամի կողմից ցորենը կընդունվի մեկ կիլոգրամը 250 դրամ արժեքով, ինչպես նաև ցորեն հանձնած հողօգտագործողներին հնարավորություն կտրվի ձեռք բերել հանձնած ցորենի 20 տոկոսի չափով ալյուր` մեկ պարկը 13000 դրամ արժողությամբ»,– նշված է հաղորդագրությունում։
Արցախում գործող ալրաղացներում`պայմանավորված ստեղծված իրավիճակով, այսուհետ կկիրառվեն սահմանափակումներ։ Ամենայն հավանականությամբ մշակման չի ենթարկվի ֆիզիկական անձանց պատկանող ցորենը։
«Դա կախված է նրանից, թե որքանով հողօգտագործողներն ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին և որքան ցորեն հնարավոր կլինի մթերել։ Իհարկե այս մոտեցումը հնարավոր է նաև դժգոհությունների տեղիք տա, սակայն առաջացած խնդիրը լուծելու այլ ելք չի մնում, քան պետական մակարդակով վերահսկել ալրաղացների աշխատանքը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հանձնված ցորենի արժեքից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների հաշվանցում չի կատարվի։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։