Ո՞ր դեպքում է հնարավոր Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը. Արցախի ԱԳ նախարարի պատասխանը

Միջնորդ կողմերը ևս ջանքեր են գործադրում` երկխոսությունը միջազգային մեխանիզմի ներքո կազմակերպելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Արցախյան կողմը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով փորձել այս դժվար հակամարտության փոխընդունելի լուծումներ գտնել։ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը` անդրադառնալով Ստեփանակերտ–Բաքու երկխոսության հնարավորությանը։
«Բայց սա հնարավոր կլինի միայն միջազգային մեխանիզմի շրջանակներում»,– ասաց Ղազարյանը։
Նա հավելեց, որ այս գործընթացում ներգրավված են միջնորդները։ Արցախի ԱԳ նախարարի խոսքով` նրանք էլ իրենց հերթին ջանքեր են գործադրում, որ միջազգային մեխանիզմների ներքո ուղիղ երկխոսության հնարավորություն ստեղծվի։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին լուծման միակ ելքը Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունն է։ Նա հավելել էր, որ Ադրբեջանն ամեն կերպ վիժեցնում է երկխոսության այդ հնարավորությունը։
Ավելի վաղ` օգոստոսի 1-ին, Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել` մեկնաբանելով հայկական տեղեկատվական դաշտում տարածված լուրերն Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման վերաբերյալ։
Արցախի ԱԳՆ–ն ընդգծել էր, որ Արցախի Հանրապետության իշխանությունները միշտ պատրաստ են քննարկելու Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումների կազմակերպման վերաբերյալ ողջամիտ առաջարկներ:
Արցախի ԱԳՆ–ն ընդգծել էր, որ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է տեղի ունենա համապատասխան մանդատով օժտված միջազգային համաձայնեցված ձևաչափով: