ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Այսօր ժամը 12:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ–ն` հերքելով տեղեկությունները, թե Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում լարվածության աճ կա։
«Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր ժամը 12:00-ի սահմաններում Սոթքի հատվածում հայկական դիրքերը ենթարկվել են ականանետային հարվածների, չեն համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր: