Սուրեն Պապիկյանն այցելել է Սոթքում վիրավորված զինծառայողներին

Պաշտպանության նախարարը զրուցել է նաև վիրավոր զինծառայողների ծնողների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Այսօր` սեպտեմբերի 2–ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ Նարեկ Կարենի Պողոսյանին, որի անունը սկզբում հայտնվել էր սեպտեմբերի 1–ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների ցանկում, բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել. նրա սրտի զարկը վերականգնվել էր։
«Նախարար Պապիկյանին ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը ներկայացրել է մանրամասներ զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարը զրուցել է նաև վիրավոր զինծառայողների ծնողների հետ՝ հույս հայտնելով, որ նրանց զինծառայող որդիները շուտափույթ կապաքինվեն:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:
Դեպի գյուղեր կրակոցներ արձանագրված չեն. Գեղարքունիքի մարզպետը` իրադրության մասին