ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Սեպտեմբերի 4-8-ը կդադարեցվի երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Սևանի լեռնանցքի թունելը (Դիլիջանի թունել) բարեկարգելու համար կատարվող ուսումնասիրությունների նպատակով սեպտեմբերի 4-ից մինչև սեպտեմբերի 8-ը ժամը 9:00-13:00-ը և 14:00-18:00-ը կդադարեցվի թունելով երթևեկությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշված ժամանակահատվածում տվյալ ուղղությամբ երթևեկությունն առաջարկվում է իրականացնել Հ-53, Մ4-Սեմյոնովկա-Մ4 հանրապետական նշանակության ավտոճանապարհով:
Հիշեցնենք` հուլիսի 26–ին ՀՀ Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի նախնական նախագծի լսումների ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ 2024 թվականին կսկսվի Դիլիջանի և Պուշկինի ավտոմոբիլային թունելների հիմնանորոգումը։ ։
Նշենք, որ Դիլիջանի թունելի կառուցումը սկսվել է 1970-ին։ Շինարարությունը վերսկսվել է ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միջոցներով և ավարտվել 2000-ականների սկզբին: Թունելը կրճատում է Սևանից Դիլիջան ճանապարհը՝ շրջանցելով լեռնային մի շարք ոլորաններ։