Պետք է ստեղծել 7-11–հոգանոց կոմիտե ու համաժողովրդական շարժում սկսել. Վազգեն Մանուկյան

ՀՀ առաջին վարչապետը վստահ է, որ նախ պետք է մեր ազգային խնդիրները ձևակերպենք, հետո դաշնակիցներ գտնենք, այլ ոչ թե հակառակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Այսօր Արցախի և մեր երկրի առջև ծառացած ծանրագույն խնդիրները լուծելու համար համաժողովրդական շարժում է պետք ձևավորել, իսկ դրա համար նախ պետք է 7-11 հոգուց կազմված կոմիտե ստեղծել, որը կղեկավարի այս շարժումը։ Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքում այս մասին հայտարարեց ՀՀ առաջին վարչապետ, «Ղարաբաղ» կոմիտեի համահիմնադիր Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ կոմիտեի անդամներին պետք է ընտրի ժողովուրդը։ Նրանք պետք է ոչ միայն կարող ուժ լինեն, այլև ընդունելի ժողովրդի համար։
«Նրանք պետք է իրար հետ պայմանագիր կնքեն` մենք գնում ենք էս խնդիրը լուծելու, ամեն մեկս ունի այս լիազորությունն ու այս պարտավորությունը»,– ասաց Մանուկյանը։
Դրանից հետո պետք է անցնել իշխանափոխության գործին, որը լինելու է կոմիտեի առաջին հաղթանակը։ Մանուկյանը վստահ է` դա Բաքվի և Անկարայի համար պարտություն է լինելու, իսկ աշխարհը դա կողջունի, կասի` հայերը կրկին դա արեցին, նրանց հետ պետք է հաշվի նստել։
Արցախում փոխվել է դիրքորոշում, Արցախը բռնել է պայքարի ուղին. քաղաքագետ
Մանուկյանի խոսքով` Արցախի այսօրվա պայքարը համաշխարհային պատմության ոսկի էջերում է գրվելու, որովհետև հազվադեպ է լինում` 120 հազար մարդ` կանայք, երեխաներ, ծերեր, ոտքի կանգնեն, պաշարված մնան մի տեղում` իրենց հայրենիքը պահելու համար։
«Հայտարարում է պայքար, ուժ է ցույց տալիս, չի գնում գայթակղության, որ Ադրբեջանի ճանապարհով իրեն հաց բերեն, ասում է` սոված կմնամ, բայց էդ ծուղակը չեմ ընկնի»,– ամբիոնից ասաց Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ ավելի քան 30 տարի առաջ Ազատության հրապարակը կրկին բազմամարդ էր ու կրկին Արցախ էր վանկարկում։ Այն ժամանակ էլ իրավիճակն անելանելի էր թվում, պատերազմում պարտվում էինք, թշնամին մի քանի անգամ ուժեղ էր, մի 10 անգամ ավելի շատ զենք, զինամթերք ու մարդկային ռեսուրս ուներ, բայց թշնամին պարտվեց, մենք հաղթեցինք։
Մանուկյանը վստահ է` հաղթանակն այսօր էլ է հնարավոր, բայց իրավիճակը պետք է սթափ գնահատել։
Բեկում հնարավոր է. Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում է
Ադրբեջանն այսօր ցանկանում է Արցախը տեսնել առանց հայերի, բայց Հայաստանի հետ կապված ծրագրեր էլ ունի։ Այնպես չէ, որ «Արցախը տանք, հանգիստ ապրենք»–ը կաշխատի, որովհետև Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե Երևանն Ադրբեջանի պատմական հողն է։
«Ուզում են կուլ տալ Արցախը, հետո Հայաստանը»,– նշեց Մանուկյանը։
Ըստ նրա` սա արդեն ցուցիչ է, որ այս հարցերը հնարավոր չէ առանձին լուծել. դրանք շաղկապված հարցեր են։
Այս իրավիճակում ՀՀ իշխանությունը շարունակում է «Ղարաբաղը թողնենք, խաղաղ ապրենք» ծրագիրը, որը, ըստ Մանուկյանի, ոչ միայն բարոյական, քաղաքական տեսակետից է սխալ, այլև պարզապես սխալ է, որովհետև Ադրբեջանի ծրագիրը երկուսի ոչնչացումն է։
Արցախցիներն իրենց խիզախությամբ հուսախաբ չեն անի. Սերժ Սարգսյանը` ի պատասխան Շառլ Միշելի
Մանուկյանը վստահ է` ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, թե միջազգային կառույցները կապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը, անիրագործելի է։
Մեր ազգի շահերն ու նպատակները, ըստ նրա, որոշվելու են ոչ թե Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում կամ Անկարայում, այլ Երևանում։ Եվ այդ հարցերն արդեն մի անգամ համաժողովրդական ձևով լուծվել են։ Հիմա էլ պետք է այդ ճանապարհով գնալ։
«Պետք է մեր խնդիրները ձևակերպենք, հետո դաշնակից գտնենք դրանք լուծելու համար, ոչ թե հակառակը` դաշնակից գտնենք, հետո իր ուզած խնդիրները լուծենք»,– շեշտեց Վազգեն Մանուկյանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։