Պաշտոնաթող կլինեն նախարարներ. Գրիգոր Մինասյանին փոխարինողի 2 անուն է շրջանառվում

Ավելի վաղ նույնպես մամուլը գրել էր, որ մի քանի նախարար հրաժեշտ կտա պաշտոնին։ Նշվում էր ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի անունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Աշնանը կառավարությունից հեռացող նախարարներից մեկը կլինի ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
«Ըստ կառավարության աղբյուրի՝ Մինասյանին փոխարինողների ցանկում առաջինը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է, որը գլուխը կախ իր գործն է անում միջազգային ատյաններում»,–գրում է թերթը:
Ըստ թերթի աղբյուրի` շրջանառվում է նաև բոլոր ժամանակներում թեկնածուների շարքում պտտվող մի անուն` ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի անունը, որը, կարելի է ասել, թիմի միակ իրավաբանն է, այդ պատճառով էլ ամեն անգամ գործադիր նրա անցումը կանխվել է։
«Մեզ ասացին, որ դեռեւս Կարեն Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնից հեռանալուց հետո Փաշինյանը հակված է եղել Եղիշե Կիրակոսյանին նշանակել, սակայն Անդրեասյանն ամեն ինչ արել է, որ իր մտերիմ ընկերը նշանակվի»,–գրում է «Հրապարակը»:
Հիշեցնենք` ավելի վաղ նույնպես մամուլը գրել էր, որ մի քանի նախարար հրաժեշտ կտա պաշտոնին։ Նշվում էր ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի անունը։