Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի նստավայրում կայացել է ընդունելություն Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ընդունելությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և այլք։
«Միջոցառման ընթացքում ընդունելության մասնակիցները դիտել են նախագահի նստավայրում կազմակերպված հայկական արժույթների պատմությանը նվիրված ցուցադրությունը և ծանոթացել հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը հայկական դրամի անցած պատմական ճանապարհին»,–ասվում է հաղորդագրությունում:
Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել տոնական միջոցառմանը և իր խոսքում անդրադարձել ազգային արժույթի ստեղծման ու ներդրման պատմական դրվագներին:
Նախագահը նաև իր շնորհակալական խոսքն է հղել Կենտրոնական բանկի ներկա ու նախկին ղեկավարությանն ու աշխատակիցներին պրոֆեսիոնալ ու նվիրված գործունեության համար: