Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնե՞լն է խաղաղության գինը. Փաշինյանի պատասխանը

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, նշանակում է` խաղաղություն երբեք էլ չի կարող լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Արդյոք Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունն Ադրբեջանին հանձնելն է այն գինը, որ պետք է վճարվի խաղաղության համար։ Պատասխանելով իտալական La Repubblica թերթի լրագրողի այս հարցին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հսկողությունը Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների ձեռքում է։

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը միշտ էլ հսկողության տակ են պահել ԼՂ իշխանությունները, համենայն դեպս, այդպես է եղել 2018 թվականից հետո։ Այսօր էլ ԼՂ–ում իրավիճակը վերահսկում են ընտրված ներկայացուցիչները, այնտեղ են նաև ռուս խաղաղապահները»,– ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը` Լեռնային Ղաաբաղը ներառյալ, Փաշինյանն ասաց` եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, նշանակում է` խաղաղություն երբեք էլ չի լինի։
Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։