Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները չենք ուզում կապել իրար. Փաշինյան

Պետությունը կարող է անվտանգության մասին խոսել, երբ ունի կարգավորված հարաբերություններ հարևանների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Պաշտոնական Երևանը չի ցանկանում Հայաստան–Թուրքիա հարաբերությունները կապել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների հետ։ Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարելի՞ է դիտարկել որպես միջոց կառավարելու, սահմանափակելու Բաքվի գործողություններն Անկարայի միջոցով։
«Չնայած պետք է ասել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են կապել և անընդհատ այդ հարցն առաջ են բերում»,– ասաց Փաշինյանը։
Հուսով ենք` Անկարան կկատարի պայմանավորվածությունները. Ռուբինյանը` «Մարգարա» անցակետի մասին
Նա հավելեց` որևէ պետություն անվտանգության մասին կարող է խոսել, երբ որ հարևանների հետ ունի կարգավորված հարաբերություններ։
Նա շեշտեց` Հայաստանի համար շատ կարևոր հարց է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։
«Ե՛վ Անկարա կատարած իմ վերջին այցելության արդյունքում, և՛ Թուրքիայի նախագահի հետ իմ ունեցած շփումների արդյունքում ես տպավորություն ունեմ, որ Թուրքիայի համար էլ շատ կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Կարծում եմ, որ այստեղ էլ կան հնարավորություններ, իհարկե, կան նաև բարդություններ, այստեղ է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ահա այսպիսի որակը»,– ասաց վարչապետը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Թուրքիայի փետրվարյան ավերիչ երկրաշարժերից հետո Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը այցելեց Թուրքիա։ Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին երկխոսության և սահմանների բացման գործընթացն արագացնելու մասին։ Համատեղ ճեպազրույցում խոսվեց նաև Անիի կամրջի վերականգնման և սահմանային ենթակառուցվածքների մասին։