ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. «Հայաքվե» նախաձեռնությունը խորհրդարան կմտնի մեկ ամսից։ Այս մասին Երևանի Ազատության հրապարակում Արցախի Հանրապետության օրվա առիթով կազմակերպված հանրահավաքում հայտարարեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Ստորագրահավաքին մասնակցած ձեզնից յուրաքանչյուրն իր «ոչ»- ն ասաց Արցախը հանձնելուն։ Մեկ ամսից մեր օրինագիծը կմտնի խորհրդարան։ Խնդրում եմ ձեզ, այդ օրը միահամուռ եկեք խորհրդարանի դիմաց, տե՛ր կանգնեք ձեր ստորագրությանը»,– հայտարարեց նա։
Նրա խոսքով` խորհրդարանում իշխող խմբակցության համար սա վերջին հնարավորությունն է` մաքրվելու դավաճանի խարանից։ Դրանից հետո պետք է սկսվի Արցախի երկրորդ ազատագրումը` և՛ դիվանագիտական ճանապարհով, և՛, անհրաժեշտության դեպքում, մարտի դաշտում։
Չալաբյանը շեշտեց` դրանից վախենալու կարիք չկա։
«Մենք չպետք է ինքներս մեզ խաբենք և մտածենք, որ կարող ենք դրան հասնել տանը նստած և ձեռքերը ծալած։ Արցախը պայքարով է պահվելու, և մենք բոլորս պետք է դա գիտակցենք»,– հավելեց նա։
Նշենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ է նախատեսում: Այն ԱԺ-ում պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ:
Օգոստոսի 5–ին «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվել է. դրան մասնակցել է ավելի քան 58 հազար քաղաքացի։