ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Այն, որ Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահի պաշտոնից հրաժարվելու որոշում է ընդունել, խոսում է այն մասին, որ նրա քաղաքականությունն այլևս աջակցություն չէր վայելում ո՛չերկրի ներսւմ, ո՛չ դրսում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ոսկանապատ» կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Սա վաղուց արդեն հասունացած ու պահանջված հրաժարական էր։ Եվ այն փաստը, որ ներքին ու արտաքին գործընկերների հետ շփվելուց հետո Արայիկ Հարությունյանը եկել է այդ եզրահանգման, խոսում է այն մասին, որ թե՛ ներսում, թե՛ դրսում նրա քաղաքականությունն այլև աջակցություն չէր վայելում»,– կարծում է մեր զրուցակիցը։
Նա միաժամանակ նկատում է, որ Արցախի քաղաքական էլիտան այսօր իր ընտրություն կատարել է, և, փաստորեն, այդ ընտրությունն այն չէ, ինչ առաջարկում էր Արայիկ Հարությունյանը։
«Հիշեցնեմ, որ հրաժարականից ընդամենը 3 օր առաջ հանրահավաքի մասնակիցներին նա ասում էր, որ պետք է հավաքվենք քննարկենք և որոշենք` կա՛մ բոլորս դուրս ենք գալիս Արցախից, կա՛մ գնում ենք Ադրբեջանի հետ բանակցենք, խնդիրները լուծենք։ Այս երկու «կամ»–երն էլ արցախահայության համար, ըստ էության,մեկ բան էին նշանակում. Հայրենիքի կորուստ, որի հետ Արցախում ոչ ոք չհամաձայնեց։ Եվ Արայիկ Հարությունյանը ստիպված եղավ հրաժարական տալ»,– ասաց քաղաքագետը։
Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ` Արայիկ Հարությունյանի` նախագահի պաշտոնում լինելու ամեն օրը նոր խնդիներ էր առաջացնում Արցախի համար, քանի որ զբաղեցնելով այդ պաշտոնը` նա առավելապես զբաղված էր ոչ թե Արցախի կենսական շահերի պաշտպանւյթյամբ, այլ Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ իշխանություններին աջակցություն ցուցաբերելով` այդ ընթացքում անընդհատ զոհաբերելով Արցախի շահը։
Արայիկ Հարությունյանի հրաժարականը, Մելիք-Շահնազարյանի համոզմամբ, նշանակում է, որ Արցախն ընտրում է դիմակայելու, դիմադրելու ուղին` քաջ գիտակցելով ռիսկերը, բայց և քաջ գիտակցելով, որ դա միակ ճանապարհն է Արցախի տարածքն ու պետությունը հայկական պահելու։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԼՂՀ խորհրդարանին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը։ Հարությունյանը ֆեյսբուքում մանրամասնել էր, որ հրաժարական տալու որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իր շփումները բոլոր ներքին և արտաքին դերակատարների ու լայն հանրության հետ:
Ըստ նրա՝ պատերազմում պարտությունն ու դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաև իշխանությունների, հատկապես՝ նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքը, այդ պատճառով էր Հարությունյանը որոշել է փոփոխությունը սկսել հենց իրենից։
Նախքան հրաժարականի մասին հայտարարելը, Արցախի նախագահը պետնախարարի պաշտոնից ազատել էր Գուրգեն Ներսիսյանին` նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակելով Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին։
Շաբաթներ առաջ էլ Արցախի Ազգային ժողովի նախագահ էր ընտրվել ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։
Խոսելով նոր նշանակումների մասին` Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ դրանք ևս վկայում են այն մասին, որ Արցախը սկսում է այլ քաղաքական կուրս վարել ու այլ քաղաքական խնդիրներ լուծել։
«Դավիթ Իշխանյանից ստացած առաջին ուղերձներն արդեն իսկ ուրվագծում են Արցախի ապագա քաղաքականւթյան եզրագծերը։ Նա ասում է, որ Արցախը պետք է պաշտպանունակ լինի, կարողանա ինքն իրեն պաշտպանել, բարեփոխել պաշտպանության բանակը, օրենսդրական փոփոխություններով նոր լիազորություններ, հնարավորություններ ստեղծել Արցախի ԶՈւ–ի համար, խոսում է ՌԴ խաղաղապահների դերակատարության մասին` որպես Արցախի անվտանգության երաշխավորի, նաև խոսում է Արցախի ինքնորոշման մասին` բացառելով Աղդամի ճանապարհից օգտվելը կամ Ադրբեջանից հումանիտար օգնություն ստանալը»,– Արցախի ԱԺ նորընտիր նախագահի ուղերձի հիմնական կետերն է առանձնացնում քաղաքագետը։
Ինչ վերաբերում է օգոստոսի 1-ին նշանակված պետնախարար Սամվել Շահրամանյանին, Մելիք-Շահնազարյանի համոզմամբ`նրա ընտրությունը ևս պատահական չի եղել։
Շահրամանյանի նշանակումը, ինչպես և ԱԺ նախագահի դեպքում, Ադրբեջանի ագրեսիայի դեմ պայքարող արցախյան էլիտայի համատեղ որոշման արդյունքն է։
«Երկուսի նշանակումը խոսում է այն մասին, որ Արցախում փոխվել է դիրքորոշում, Արցախը բռնել է պայքարի ուղին»,– եզրակացնում է քաղաքագետը։
Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի բացառում, որ եթե Արցախի նոր իշխանությունն իր հանրային քաղաքականությունն ուղղի ոչ թե ՀՀ իշխանություններին, այլ ժողովրդին, ապա Հայաստանում կարող է մեծ ալիք բարձրանալ, ու այդ դեպքում Հայաստանի պետական ինստիտուտները ստիպված կլինեն զբաղվել իրենց բուն պարտավորություններով, այդ թվում` Արցախի անվտանգության երշխավորը լինելու պարտավորությամբ։