Ադրբեջանի ՊՆ-ն սադրանքը շարունակելու նպատակով տեղեկատվական հիմք է պատրաստում. ՀՀ ՊՆ

Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում պարբերաբար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին սուտ լուր է տարածել` իբր հայկական դիրքերից կրակում են իրենց ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ սրանով Ադրբեջանի ՊՆ-ն սադրանքը շարունակելու նպատակով տեղեկատվական հիմք է պատրաստում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ՊՆ–ն օգոստոսի 31–ին մի քանի ժամվա մեջ 3 նմանատիպ սուտ լուր տարածեց, ինչին հաջորդեց սեպտեմբերի 1–ի ագրեսիան։
Ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր: