Ադրբեջանն օրվա մեջ 2–րդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական կողմի տարածած կեղծ լուրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Ադրբեջանն այսօրվա ընթացքում 2–րդ ապատեղեկատվությունն է տարածել, իբր հայկական դիրքերից կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սեպտեմբերի 2-ին` ժամը 12։58-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ժամեր առաջ էլ ադրբեջանական կողմը տարածել էր, իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն հերքել էր այդ լուրը` շեշտելով, որ նմանատիպ լուրերով Ադրբեջանի ՊՆ-ն սադրանքը շարունակելու նպատակով տեղեկատվական հիմք է պատրաստում:
Հավելենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն այսօր հայտարարել էր նաև, թե իբր սեպտեմբերի 1-ին` ժամը 11։15–11։36–ը և ժամը 13։30–13։58–ն ընկած ժամանակահատվածում, ճնշել են Արցախի օդային տարածքով նշված երթուղիներով թռչող օդանավերի համակարգերը։
Արցախի պաշտպանական գերատեսչությունից նշել էին, որ Ադրբեջանի նպատակն է նման կեղծ հայտարարություններով միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից, բացի այդ, Ադրբեջանը նախապատրաստում է տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։