ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իմպիչմենտի գործընթաց է սկսում ԵՄ երկրներ նրա այցերի պատճառով, որոնք համաձայնեցված չեն եղել կառավարության հետ։ Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Կուսակցության քաղխորհրդում մենք որոշեցինք սկսել նախագահի իմպիչմենտի ընթացակարգը»,- ասել է Կոբախիձեն։
Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը մերժել էր Զուրաբիշվիլիի արտասահմանյան այցերը տասը երկրներ, այդ թվում՝ Գերմանիա, Ուկրաինա, Իսրայել և Արաբական Միացյալ Էմիրություններ։
Նախագահի վարչակազմը հայտնել է, որ Զուրաբիշվիլին օգոստոսի 31-ից սկսում է հանդիպումները եվրոպացի առաջնորդների հետ, որպեսզի աջակցություն ստանա Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Վրաստանն ակնկալում է այդ կարգավիճակը ստանալ դեկտեմբերին: Զուրաբիշվիլին իր եվրոպական շրջագայությունը սկսել է Գերմանիայից։
«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն լրագրողներին հայտնել էր, որ Զուրաբիշվիլին եվրոպական երկրներ արտասահմանյան այցեր է կատարում առանց կառավարության համաձայնության, ինչը Սահմանադրության խախտում է։ Ըստ նրա՝ կառավարությունը դրա համար որոշակի պատճառներ ունի։ Մասնավորապես, նախագահի վերջին ելույթը խորհրդարանում որակվել է որպես «Վրաստանի եվրաինտեգրմանը դեմ ուղղված»։