ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ կրակի հետևանքով զոհված զինծառայողները Մասիս համայնքից էին։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։
«Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը»,– գրել է Համբարձումյանը:
Նա ցավակցել է զոհված տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին։
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Ներկայում` շուրջ 1.5 ժամ է կրակի ինտենսիվությունը նվազել է, և մինչ այս պահն այն պահպանվում է։