Սահմանային իրավիճակի ու զոհերի հետևանքով քարոզարշավը չի դադարեցվի. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բադալյանը կարծում է, որ ավագանու ընտրությունները ոչ միայն չեն հետաձգվի, այլև նախընտրական քարոզարշավներն էլ շատ կարճ ժամանակ անց կվերսկսվեն մեծ ակտիվությամբ` փորձելով լրացնել բաց թողած ժամանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի–Sputnik. Հայաստանի արևելյան սահմանագոտում Ադրբեջանի հերթական ագրեսիան ու դրա հետևանքով ունեցած զոհերը դժվար թե պատճառ դառնան, որ առաջիկայում նախատեսված ավագանու ընտրությունները չեղարկվեն, հետաձգվեն կամ էլ նախընտրական քարոզարշավները դադարեցվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով` ցավոք, այսպիսի իրավիճակը հայաստանյան իրականության համար նոր չէ, բախումներ ու նաև զոհեր միշտ են եղել, անգամ կարելի է նախընտրական քարոզարշավներ հիշել, որոնց ժամանակ են նման դեպքեր եղել։
Նշենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: Ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել են նաև ականանետեր և անօդաչու սարքեր:
«Իհարկե, քաղաքական որոշ ուժեր կարող են իրենց քարոզարշավը դադարեցնել, դա ավելի շուտ PR արշավի է նմանվում, որովհետև իրենք էլ լավ են հասկանում, որ դադարեցնելով քարոզարշավը` ոչնչի չեն հասնի, որովհետև ընտրությունների օրվա չեղարկման կամ հետաձգման մասին, համենայն դեպս, այս պահին հայտարարություն կամ մտայնություն չկա։ Որքան էլ ողբերգական լինի իրավիճակը, քաղաքական ուժերը կվերսկսեն շուտով ակտիվ քարոզարշավը` փորձելով լրացնել նաև բաց թողածը»,– ասաց Բադալյանը։
Նույն կերպ, ըստ նրա, արցախահայության առջև ծառացած խնդիրներն էլ պատճառ չեն Երևանում քարոզարշավը դադարեցնելու համար, որքան էլ որ զգացմունքային տեսանկյունից դա հասկանալի լինի։ Հավելում է` իհարկե, ցանկալի չէ, մերժելի է, երբ 120 հազար հայ Արցախում ծանր վիճակում է, իսկ այստեղ միլիոնավոր դոլարներ տալիս են, որ ԱՄՆ–ից ռեփեր գա, երգի, մերժելի է նաև Սիսիանում երգ ու պարի կազմակերպումը։ Սակայն փորձագետի խոսքով` այս ամենն էլ իշխող ուժի կիրառած քաղտեխնոլոգիան է։
«Իշխող քաղաքական ուժն էլ է մասնակցում պայքարին, որն ընդհանրապես դուրս է մղել Արցախի հարցն օրակարգից, այդ հարցն իր համար գոյություն չունի, դրա համար ինքը միտումնավոր երգ ու պարով կամ այլ տեխնոլոգիայով այդ բովանդակությունն է դնում իր քարոզարշավի հիմքում, որպեսզի Արցախի հարցը մի կողմ մղվի այս դեպքում երևանցի ընտրողի գիտակցությունից, և հիմնական ուշադրությունը գնա բակային, դպրոցական կամ այլ շինարարության վրա»,– ասում է քաղտեխնոլոգը։
Հիշեցնում է` այս քաղաքականությունն էլ նոր չէ, 2018 թ–ից է։
Անդրադառնալով ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիրքորոշումներին` քաղտեխնոլոգների համար հստակ է երկու ուժի քաղաքականությունը` «Քաղաքացիական պայմանագիր», որի համար Արցախի հարց չկա, և «Մայր Հայաստան», որի համար Արցախի հարցն առաջնային է։ Ըստ նրա` որոշակիորեն նաև «Ապրելու երկիր» կուսակցության ծրագիրն է հասկանալի, որը ևս անդրադառնում է Արցախի հարցին, իսկ մյուս ուժերի ծրագրերի մասին խոսելն անիմաստ է համարում։ Ըստ նրա` մյուս ուժերն էլ կամ էական բովանդակություն չեն ասում, կամ էլ այնպիսի թույլ բովանդակություն են առաջարկում, որ լուրջ քննարկման առարկա չի կարող լինել, թեպետ դա չի նշանակում` նրանք ավագանիում տեղ չեն զբաղեցնի։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը ժամանակավոր դադարեցնելու մասին հայտարարություններ են տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Ազգային Առաջընթաց», «Հանուն սոցիալական արդարություն», «Հաղթանակ», «Ուժը հայրենյաց», «Ժողովրդական համախմբում» կուսակցությունները։