ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հրազդան քաղաքի 45-ամյա բնակչին ներկայացվել է մեղադրանք մեկ անձի դանակով սպառնալու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար։ Նա կալանավորվել է, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք՝ մի տեսանյութ է տարածվել, որտեղ մի տղամարդ ընկած է գետնին, շուրջբոլորը և հագուստի վրա արյան հետքեր, 2 ոստիկան էլ բռնել են նրա ձեռքերը։ Ոստիկանությունից հայտնել էին, որ Շենգավիթ վարչական շրջանի Թամանցիների փողոցում սպանության սպառնալիքի հիմքով է ձերբակալվել այդ տղամարդը, որը ոստիկանության բաժնում ագրեսիվ վարքագիծ է դրսևորել` միջանցքում ապակիներ կոտրել, վնասել ձեռքերը։
Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի (հոգեկան ներգործությամբ սպառնալը), 297-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) հատկանիշներով։
Պարզվել է, որ այսօր սեպտեմբերի 31-ին, ժամը 01:40-ի սահմաններում ծառայություն իրականացնող ոստիկանները, սառը զենք կրելու և այլ անձանց կյանքին և առողջությանը անմիջական սպառնալիք հասցնելու հիմնավոր ծագած կասկածանքով ձերբակալել և Երևան քաղաքի Թամանցիների փողոցից ոստիկանության բաժին են տեղափոխել մի տղամարդու, ով ոստիկանության բաժնի դիմաց, մեքենան կայանելուց հետո, չի ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին:
«Ներս մտնելով ոստիկանության բաժին՝ քաղաքացին սկսել է դրսևորել ագրեսիվ պահվածք՝ հայհոյել է, ոտքով հարվածել է պարեկներից մեկին, կծել մեկ այլ պարեկի, պատռել վաշտի հրամանատարի շապիկը»,– ասված է հաղորդագրությունում։
Այնուհետև, քաղաքացին խնդրել է բացել ձեռնաշղթաները՝ ջուր խմելու և լվացվելու նպատակով և, օգտվելով ձեռքերի ազատ լինելու հանգամանքից, անսպասելի միտումնավոր հարվածել է միջանցքում գտնվող պատուհանին, կոտրել այն, ինչի բեկորներից վնասվել է նրա ձեռքը։ Քաղաքացուն ցուցաբերվել է առաջին օգնություն, կանչվել է շտապօգնություն, նա տեղափոխվել է հիվանդանոց:
Նախաքննության ընթացքում նշված տղամարդը հաղորդում է տվել այն մասին, որ պարեկային ծառայության աշխատակիցներից մեկը, բաժին բերելու ճանապարհին, իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, իսկ ոստիկանության բաժնում մի քանի ոստիկաններ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն, որի ընթացքում, ըստ ձերբակալվածի՝ պաշտպանվելու նպատակով, ինքը հարվածել է ոստիկաններին, հրելու արդյունքում ձեռքով և դեմքով դիպել է ոստիկանության բաժնի պատուհանին, որը կոտրվել է և վնասել իր ձեռքը: Ոստիկանության ծառայողների կողմից նշված անձի նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ ահազանգ է ստացվել նաև ձերբակալվածի փատաբանի կողմից։
Նշված հաղորդումների հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ: