ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքական թիմը պարաբազկամարտի աշխարհի 25֊րդ առաջնությանը 8 մեդալ է նվաճել: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի թիմի կազմում պարաբազկամարտի աշխարհի չեմպիոններ են դարձել մինչև 55 կգ քաշային Սարգիս Հարությունյանը (ձախ ձեռքով), մինչև 80 կգ քաշային Սարգիս Ստեփանյանը (ձախ ձեռքով) և +65 կգ քաշային Նաիրա Մեսրոպյանը (աջ և ձախ ձեռքով):
ԱԱ-ի հաղթող է ճանաչվել նաև 65 կգ քաշային Գուրգեն Անտոնյանը՝ մինչև 24 տարեկանների պայքարում:
Աջ ձեռքի մրցումներում փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է մինչև 75 քաշային Հայկ Ստեփանյանը, իսկ Սարգիս Հարությունյանը (մինչև 55 կգ) և Շահեն Բաբայանը (մինչև 65 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Նշենք, որ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված է եղել 7 մարզիկ՝ Սարգիս Ստեփանյանը, Սարգիս Հարությունյանը, Շահեն Բաբայանը, Հայկ Ստեփանյանը, Սերոբ Հովհաննիսյանը, Գևորգ Անտոնյանը և Նաիրա Մեսրոպյանը: Թիմը հանդես է եկել գլխավոր մարզիչ Գևորգ Ստեփանյանի և ավագ մարզիչ Հովհաննես Միրզոյանի ղեկավարությամբ:
Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ղազախստանի Ալմա֊Աթա քաղաքում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը։ Մրցաշարին մասնակցում են 40 երկրի մարզիկներ։