Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ քայլերով զսպել Ադրբեջանին. ԱԳՆ հայտարարությունը

Նշվում է, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու հասցեական կոչերի և աճող ճնշման պայմաններում Ադրբեջանի այս սադրանքը միտված է միջազգային հանրության ուշադրությունը շեղելուն և պարտավորությունների կատարումից խուսափելուն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի այսօրվա սադրանքն ու ագրեսիվ գործելաոճը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը այս մասին հայտարարություն է տարածել։
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: Ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել են նաև ականանետեր և անօդաչու սարքեր:
«Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգիռ դերակատարներին առկա մեխանիզմների կիրառմամբ և գործուն ու հստակ քայլերի միջոցով զսպել Ադրբեջանի օրեցօր սաստկացող առավելապաշտական վարքագիծը՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու նպատակով»,–ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետությունն այս ընթացքում բազմիցս ահազանգել էր, որ Ադրբեջանը, նպատակ ունենալով նախապես ծրագրավորված ռազմական գործողություններ իրականացնել, միտումնավոր, համակարգային կերպով ապատեղեկատվություն է տարածում:
«Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները, որոնք զուգորդվում են ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումների վերաբերյալ ադրբեջանական կողմից տարբեր մակարդակներով, ինչպես նաև տարբեր պետական լրատվամիջոցներով պարբերաբար հնչող հայտարարություններով ու ռազմատենչ հռետորաբանությամբ, հանդիսանում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով առկա հարցերը կարգավորելու, սեփական կամքը պարտադրելու Բաքվի ագրեսիվ քաղաքականության շարունակությունը»,–ասված է հայտարարության մեջ:
«Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից»,–նշված է հայտարարության մեջ։
ՀՀ ԱԳՆ-ից նաև ընդգծում են, որ Ադրբեջանի այս գործելաոճն ուղեկցվում է արդեն 8 ամսից ավելի տևող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փաստացի պաշարմամբ, և կարող է լրջորեն խոչընդոտել տարածաշրջանում կայունություն և տևական խաղաղություն հաստատելու ջանքերին:
Նշվում է, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու հասցեական կոչերի և աճող ճնշման պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքը նաև միտված է շեղել միջազգային հանրության ուշադրությունը և խուսափել իր պարտավորությունների կատարումից:
Սոթքում զոհված 2 զինծառայողները Մասիս համայնքից էին
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։