ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. 6-ամյա Անին այս օրվան երկար է սպասել` վերջապես դպրոց է հաճախելու։ Բայց մի քիչ տխուր է, որովհետև երազանքը մինչև վերջ չի իրականացնել` դասարանում կողքին նստող չի լինելու։
Սիզավետի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին` Անին
© Sputnik / Asatur Yesayants
Անին Շիրակի մարզի Սիզավետ համայնքի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին է։ Այս պատկերը դպրոցում արդեն սովորական է դարձել։ Վերջին երկու տարիներին դպրոցում երկուական առաջին դասարանցիներ են եղել, 2020–ին` մեկը։
Դասվար Նարինե Գաբրիելյանը 1993 թ.–ից աշխատում է դպրոցում։ Հիշում է` տարիներ առաջ 6-9 երեխա էր առաջին դասարան ընդունվում։
Սիզավետի միջնակարգ դպրոցի դասվար Նարինե Գաբրիելյանը միակ առաջին դասարանցու` Անիի հետ
© Sputnik / Asatur Yesayants
«Վերջին տարիներին պատկերը սա է, արդեն սովորել ենք։ Մի քիչ ծույլ աշակերտներն իհարկե բողոքում են. չէ՞ որ ամեն օր ստիպված նրանց դաս ենք հարցնում, բայց երբ երեխան սովորող է լինում, շատ լավ է անցնոմ դասաժամը։ Հուսով եմ ՝ Անին էլ ընդունակ աղջիկ կլինի»,– ասում է նա։
Սիզավետի միջնակարգ դպրոցը 180 աշակերտի համար է նախատեսված։ Այս պահին 29 աշակերտ ունի, անցած տարի նրանց թիվը 34 է եղել, իսկ օրինակ 2008 թ.–ին` 65։ Թվերի անընդհատ նվազման պատճառն արտագաղթն է։
«Աշխատանք չունենալու պատճառով երիտասարդները հեռանում են գյուղից։ Հիմնականում գնում են Երևան, Էջմիածին կամ Գյումրի։ Այնտեղ էլ ամուսնանում են, երեխաներ են ունենում, նրանք էլ, բնականաբար, հենց այնտեղ էլ դպրոց են գնում»,– ասում է դպրոցի տնօրեն Քնարիկ Համբարյանը։
Սիզավետի միջնակարգ դպրոցի տնօրեն Քնարիկ Համբարյանը
© Sputnik / Asatur Yesayants
Արդեն մի քանի տարի է` դպրոցում դասերը ստիպված կոմպլեկտավորված դասարաններում են անում, որ ուսուցիչները մեկ երեխայի համար դասարան չմտնեն։ Այս պահին դպրոցում առանձին է միայն 10-րդ դասարանը, մյուսները կոմպլեկտավորված են։ Տիկին Համբարյանը, սակայն, դեմ է դասապրոցեսի այս ձևաչափին. համոզված է` ազդում է երեխաների կրթության որակի վրա։
«Արդյունավետ չեն կոմպլեկտավորված դասարանները։ Եթե 45 րոպեում պետք է ուսուցիչը և՛ երկու թեմա բացատրի, և՛ դաս հարցնի նրանց, բնական է` ֆիզիկապես չի հասցնի ամեն ինչ մանրակրկիտ անել։ Եռակոմպլեկտ դասարաններում ամեն ինչ ավելի վատ է»,– ասում է նա։
Հեռավոր փոքր գյուղերի դպրոցներում շատ հաճախ քիչ են լինում ոչ միայն աշակերտները, այլ նաև ուսուցիչները։ Մանկավարժները երբեմն գալիս են կողքի խոշոր բնակավայրերից։ Օրինակ` Սիզավետի դպրոցում 4 ուսուցիչ ամեն օր Աշոցքից է գալիս աշխատանքի։
Գործն ավելի դժվար է Ամասիայի տարածաշրջանի Զորակերտ համայնքում։ 18 տնտեսություն ունեցող փոքրիկ գյուղի դպրոցում 9 ուսուցիչ կա, նրանցից միայն երկուսն են գյուղի բնակիչ։ Ձմռանն առատ ձյան պատճառով գյուղ տանող ճանապարհը երբեմն անանցանելի է դառնում, ուստի դժվարանում է նաև դպրոց հասնելը։
Զորակերտի միջնակարգ դպրոցի շենքը
© Sputnik / Asatur Yesayants
Զորակերտի դպրոցը կառուցվել է 1992 թ-ին, նախատեսված է 120 աշակերտի համար, բայց աշակերտների թիվն այս տարի 7 է։ Նրանցից երկուսը՝ Խաչիկն ու Հմայակը, այս տարվա առաջին դասարանցիներն են։
Զորակերտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները` Հմայակն ու Խաչիկը
© Sputnik / Asatur Yesayants
«Ի ուրախություն մեզ` այս տարի երկու առաջին դասարանցի ունենք։ Սա շատ լավ ցուցանիշ է մեր գյուղի համար»,- ասում է Զորակերտ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Գևորգ Մովսիսյանը։
Զորակերտի միջնակարգ դպրոցի տնօրեն Գևորգ Մովսիսյանը
© Sputnik / Asatur Yesayants
Այն, որ դասարանում երկուսով են լինելու` ոգևորում է նաև տղաներին։ Մոտ ընկերներ են, միասին խաղում են մանկուց, հիմա էլ դպրոցում են միասին լինելու։ Աշխույժ տղաները ներկայանալուց, ծանոթանալուց հետո առաջարկեցին. «Էգեք էրտանք` մեր դասարանը տեսնիք»։
Զորակերտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները` Հմայակն ու Խաչիկը
© Sputnik / Asatur Yesayants
Արդեն դասարանում իրար հերթ չտալով՝ սկսեցին իմացած բանաստեղծությունները, հանելուկներն ու շուտասելուկներն ասել։ Հետո էլ անցան երգերին։
Ոգևորված ու ուրախ են նաև տղաների ծնողները։ Ասում են` ավելի լավ է, որ երկուսով են` երևի ավելի լավ կսովորեն, գրեթե անհատական պարապունքի նման կանցնեն դասերը։
Այս դպրոցում նույնպես դասարանները կոմպլեկտավորված են։ Չէ՞ որ միայն առաջին, երկրորդ, երրորդ, վեցերորդ և իններորդ դասարանցիներ կան դպրոցում։
«10-15 տարի առաջ աշակերտները շատ էին, հետո ընտանիքները քիչ–քիչ տեղափոխվեցին Գյումրի, աշակերտների քանակը պակասեց։ Ճիշտ է` քիչ ենք, բայց դպրոցը պետք է պահենք։ Եթե հանկարծ որոշեն դպրոցը փակել, միացնել կողքի գյուղին, ուրեմն վերջ. գյուղը կդատարկվի։ Ոչ մեկը երեխային կողքի գյուղ չի տանի ամեն առավոտ։ Հատկապես ձմռանը մեր տարածաշրջանում դա անհնար է։ Ավելի հարմար կլինի` տեղափոխվեն Գյումրիում ապրելու»,- ասում է դպրոցի ուսուցչուհի Նաիրա Մովսիսյանը։
Զորակերտի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նաիրա Մովսիսյանը
© Sputnik / Asatur Yesayants
Մեկ այլ խնդիր է դպրոցի ջեռուցման հարցը։ Չնայած էլեկտրաէներգիա խնայելու համար դպրոցում արևային կայաններ են տեղադրվել, բայց ամբողջ դպրոցն Ամասիայի սաստիկ ձմեռներին տաքացնելը դյուրին բան չէ։ Այդ իսկ պատճառով Զորակերտի դպրոցի 70 տոկոսը չի շահագործվում։ Օգտագործվում ու ջեռուցվում է միայն երկու դասարան, մեկ սենյակ՝ տնօրենի ու ուսուցիչների համար, և սանհանգույց։
Բայց Խաչիկն ու Հմայակը չեն նեղսրտում. միջանցքներում վազելու տեղ չկա` դպրոցից դուրս կգան։ Գյուղի միակ ճոճանակը հենց դպրոցի դիմաց է, դասամիջոցներին կօգտվեն։
Զորակերտի միջնակարգ դպրոցի բակի ճոճանակը
© Sputnik / Asatur Yesayants