ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մոնղոլիա մեկնելու ճանապարհին թռչելով Չինաստանի տարածքով` հեռագիր է ուղարկել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը։
«Ողջույններ և բարեմաղթանքներ եմ հղում ձերդ գերազանցությանը և Չինաստանի ժողովրդին՝ անցնելով Ձեր երկրի օդային տարածքով։ Ի բարօրություն ազգի աղոթքների մասին իմ հավաստումներով հանդերձ` հայցում եմ բոլորիդ համար Աստծո օրհնությունը հանուն միասնության և խաղաղության», - նշված է նրա ուղերձում:
Սի Ծինփինից բացի, ողջույնի ուղերձներ են հղվել Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի առաջնորդներին:
Չինաստանի և Սուրբ Աթոռի միջև լիարժեք դիվանագիտական հարաբերություններ չկան։ Դրանց հաստատումը բարդանում է Վատիկանի կողմից Թայվանի ճանաչման փաստով։ Կղզին պաշտոնական կապեր ունի միայն 13 երկրների, այդ թվում՝ պապական պետության հետ։
2018-ի սեպտեմբերին Սուրբ Աթոռը և Չինաստանը ստորագրեցին այսպես կոչված «ժամանակավոր համաձայնագիր» եպիսկոպոսների նշանակման վերաբերյալ: Այս փաստաթղթի գործողության ժամկետը երկարացվել է արդեն երկու անգամ՝ 2020 և 2022 թվականների հոկտեմբերին։ Համաձայնագիրը վերաբերում է բացառապես եպիսկոպոսների նշանակման գործընթացին, որը շատ լուրջ հարց է Չինաստանում կաթոլիկ եկեղեցու կյանքի համար: Վատիկանի վարկածով՝ այդ պայմանավորվածության նպատակն այն է, որ չինացի կաթոլիկներն ունենան եպիսկոպոսներ, որոնք լիակատար հաղորդակցության մեջ են գտնվում Հռոմի պապի հետ և միաժամանակ ճանաչված են ՉԺՀ իշխանությունների կողմից: