ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, օրվա կապակցությամբ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոց և Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց:
Վարչապետը ներկա է գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը, շնորհավորել բոլորին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Նիկոլ Փաշինյանն այցելել է դպրոցներ Արմավիրի մարզում ու Երևանում
«Ցանկանում եմ բոլորս դպրոցն ընկալենք որպես վազքուղի, որպես թռիչքուղի, որպես տրամպլին, որից հետո, որի միջոցով պիտի սկսվի այս երեխաների թռիչքը, այս երեխաների ճախրանքը, և նրանք պետք է կարողանան թռչել իրենց երազանքների վրայով: Սա է իմ ուղերձը, որ այսօր ուզում եմ փոխանցել»,-ասել է վարչապետը։
Իր հերթին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ կրթությունն ու գիտելիքն այն մնայուն արժեքներն են, որոնց վրա կերտվում են անկախ, հզոր ու կայացած պետականությունները։
«Սովորելով, կրթվելով ու գիտելիքներ ձեռք բերելով դուք կերտում եք ինչպես ձեր՝ որպես անհատի, այնպես էլ մեր երկրի ապագան, որովհետև այսօրվա ձեր գիտելիքն է մեր պետության զարգացման, հզորացման կարևոր գրավականներից մեկը: Միայն գիտելիքի միջոցով մենք կարող ենք հաղթահարել դժվարություններն ու տոնել հաջողություններ»,-նշել է Խաչատուրյանը:
Հավելենք, որ անցած տարվա 39117 աշակերտի փոխարեն այս տարի ՀՀ դպրոցներում 1–ին դասարան գնալու համար օգոստոսի 21–ի դրությամբ հայտագրվել է 23589 աշակերտ։ Սահմանամերձ գյուղերում այնպիսի դպրոցներ կան, որտեղ այս տարի առաջին դասարանցի ընդհանրապես չկա։