ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նոր ղեկավարն իր հավատարմագիրն է հանձնել Պարույր Հովհաննիսյանին

Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Վասիլիս Մարագոսին
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ու խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նոր ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հայտնում են ԱԳՆ-ից։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության միջև բազմաշերտ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ԵՄ կողմից Հայաստանի ժողովրդավարական զարգացմանն ուղղված բարեփոխումների հավակնոտ ծրագրին ցուցաբերվող աջակցությանը, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, ինչպես նաև համագործակցության օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ու խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հասցեագրման վերաբերյալ։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը:
Հայկական կողմը բարձր է գնահատել ԵՄ միջնորդական ջանքերն ու իրավիճակի կայունացմանն ուղղված առարկայական քայլերը, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը:
Հիշեցնենք՝ Հայաստանում ԵՄ դեսպանի պաշտոնը 2019թ.–ից զբաղեցնում էր Անդրեա Վիկտորինը։