ՀՀ օրակարգում միայն Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրն է. ԱԳՆ արձագանքը

Անի Բադալյան
Անի Բադալյանը վստահեցնում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Օրակարգում է միայն Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը` արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պնդմանը, թե հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։
«Ցանկանում ենք ընդգծել, որ եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Ավելին, Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր»,– ասել է նա։
Անի Բադալյանը հիշեցնում է, որ ՀՀ–ն բազմիցս վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականի վերաբերյալ՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումների։
Նա հատկանշական է համարել, որ հուլիսի 15-ի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի կողմից, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին խորհրդի նախագահի խոսնակի կողմից արված հայտարարություններում ևս չի մատնանշվում այդպիսի «պայմանավորվածություն»։
«Ադրբեջանական կողմը, ձևավորած գործելաոճին համապատասխան, փորձում է շահարկել թեմային զանազան անդրադարձերը և դրանք ներկայացնել որպես պայմանավորվածություն։ Միջազգային գործընկերներն իրենց հայտարարություններում շարունակաբար և աներկբայորեն շեշտադրում են Լաչինի միջանցքի արգելափակման վերացման կարևորությունը և այն, որ այլ ճանապարհների վկայակոչումը չի կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացման Ադրբեջանի պարտավորությանը»,– ասել է նա։
Շառլ Միշելն առաջարկում է բացել Լաչինի միջանցքն ու շահագործել Աղդամի երթուղին
Նշենք, որ օրեր առաջ ադրբեջանական կողմը 40 տոննա ալյուրով բեռնատարներ էր ուղարկել Արցախ։ Ասկերանի շրջանի բնակիչները դեպի Աղդամ տանող ճանապարհի այս կողմում ցույց էին իրականացրել նշելով, որ ադրբեջանական կողմի Աղդամով ուղարկած ադրբեջանական բեռն իրենք չեն ուզում։ Բեռները մինչև հիմա Աղդամի անցակետի մոտ են։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտարարել էր, որ արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել:
Հավելենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ էր ավելի վաղ հայտարարել, որ գործելու է միայն 1 ճանապարհ, ու դա Լաչինի միջանցքն է։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։