ՀՀ ՄԻՊ առանձնազրույց է ունեցել ոստիկանական բաժնում գետնին ընկած, ապա ձերբակալված անձի հետ

ՀՀ ՄԻՊ գրասենյակը
Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է բռնության ցանկացած դրսևորում և պարզաբանման համար պատրաստվում է համապատասխան գրություններ ուղարկել իրավասու պետական մարմիններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբն այցելել է Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, առանձնազրույց ունեցել ոստիկանության Շենգավիթի բաժնում օգոստոսի 31–ին գետնին ընկած, շուրջբոլորը և հագուստի վրա արյան հետքեր ունեցող տղամարդու հետ, որը հետո ձերբակալվել էր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ մի տեսանյութ է տարածվել, որտեղ մի տղամարդ ընկած է գետնին, շուրջբոլորը և հագուստի վրա արյան հետքեր, 2 ոստիկան էլ բռնել են նրա ձեռքերը։ Ոստիկանությունից հայտնել էին, որ Շենգավիթ վարչական շրջանի Թամանցիների փողոցում սպանության սպառնալիքի հիմքով է ձերբակալվել այդ տղամարդը, որը ոստիկանության բաժնում ագրեսիվ վարքագիծ է դրսևորել` միջանցքում ապակիներ կոտրել, վնասել ձեռքերը։
ՄԻՊ–ի գրասենյակից հայտնում են, որ ուսումնասիրվել են տղամարդու վերաբերյալ կազմված բժշկական և այլ փաստաթղթեր, ինչպես նաև ի գիտություն է ընդունվել ՆԳՆ ոստիկանության կողմից ներկայացված պաշտոնական հաղորդագրությունը:
Միևնույն ժամանակ, օմբուդսմեն Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին։
«Խիստ դատապարտելի է բռնության ցանկացած դրսևորում, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքով իրավասու պետական մարմինները պարտավոր են իրականացնել պատշաճ քննություն, այդ թվում` Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափության մասով»,– նշված է ՀՀ ՄԻՊ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունից նաև հայտնել էին, որ քննիչի որոշմամբ տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը, ինչպես նաև նրանց կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու կամ չտալու հանգամանքները պարզելու համար դեպքի առթիվ կատարվում է ծառայողական քննություն։