ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ այլ մանրամասներ չնշելով:
2023 թ. մարտին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը:
Հռոմի ստատուտը մեծ հնչեղություն ստացավ, երբ ՀՀ ՍԴ որոշումից մեկ շաբաթ առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվեց: Ռուսական կողմը մտահոգություններ ուներ, որ Հռոմի ստատուտի փաստաթուղթում կա դրույթ ՌԴ նախագահի ձերբակալության մասին, ըստ այդմ` դրա վավերացումը կարող է ռիսկեր պարունակել ՀՀ և ՌԴ դաշնակցային հարաբերությունների համար։
Հայկական կողմից վստահեցրել էին, որ Հռոմի ստատուտի վավերացումը ոչ մի կերպ ուղղված չէ ՌԴ դեմ, այլ ծառայելու է ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելու համար։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։