Հայաստանի իշխանությունների անհամաչափ վարքագիծը մտահոգիչ է. Գերագույն հոգևոր խորհուրդ

Գերագույն հոգևոր խորհուրդ
Հոգևորականները կոչ են անում հայությանը դուրս գալ թմբիրից, հանձնառություն ստանձնել հայրենիքի համար, որովհետև այն բոլորինս է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի–Sputnik. Առկա բարդ ու վտանգավոր զարգացումների հանդիման առավել քան մտահոգիչ են Հայաստանի իշխանությունների անհամաչափ արձագանքներն ու վարքագիծը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Գերագույն հոգևոր խորհուրդը` անդրադառնալով Արցախի և Հայաստանի շուրջ վերջին զարգացումներին։
«Մերժելի է հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որը չունի բարոյական, իրավական ու անվտանգային որևէ հիմնավորում և բացարձակապես չի համապատասխանում մեր ժողովրդի հավաքական սպասումներին ու ազգային շահերին։ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը անսակարկելի են, Արցախի ժողովրդի հանրաքվեով իրացված ինքնորոշման իրավունքը` անվիճարկելի»,– շեշտվում է տարածած հայտարարության մեջ։
Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծում է, որ հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հաղթահարման համար ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կհամախմբեն ազգային, քաղաքական և հասարակական կառույցների ողջ ներուժն ու կարողությունները` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
«Հայրենիքն ամենքինս է, հայոց պետականությունը` սրբազան մասունքը յուրաքանչյուր հայի»,– նշված է տեքստում:
Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում մեր ժողովրդին` ամենայն սթափությամբ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը, թոթափել անտարբերության թմբիրը, հանձնառություն ստանձնել հայրենիքի համար։
Խորհուրդը նաև հիշեցնում է, որ ադրբեջանական իշխանությունները որդեգրել են ոչ միայն Արցախի, այլև` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները բռնազավթելու, էթնիկ հայկական ինքնության հետքերն ու ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն` նպատակ հետապնդելով կազմաքանդել հայոց պետականությունը:
Բարձր գնահատելով Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային կառույցների ներդրած ջանքերը` խորհուրդը շեշտում է, որ Արցախի հայության առջև ծառացած անմիջական սպառնալիքների համատեքստում միջազգային կառույցների կողմից իրականացվող քայլերն ու նախաձեռնությունները շարունակում են մնալ անհամարժեք։