Գնում եմ պարտքս կատարեմ, երկիրը ունի մեր կարիքը. այսօր զոհված Վաչագանը 8 ամսվա ծառայող էր

Արխիվային լուսանկար
Նա ընտանիքի ավագ զավակն էր, ուներ փոքր քույր ու եղբայր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Այսօր Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված Վաչագան Վարդանյանը Շիրակի մարզի Լանջիկ համայնքից էր։ 8 ամիս առաջ էր մեկնել պարտադիր զինվորական ծառայության։
«Համեստ ու խելացի տղա էր։ Մասնակցում էր հասարակական աշխատանքներին, ամենուր ակտիվություն էր ցուցաբերում, միայն լավն են լսել իր մասին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Լանջիկի վարչական ղեկավար Գևորգ Աբաջյանը։
Վաչագան Վարդանյան
Նա ընտանիքի ավագ զավակն էր, ուներ փոքր քույր ու եղբայր։ Եղբայրը սովորում է 12–րդ դասարանում ու այսօր` եղբոր մահվան լուրը իմանալուց ժամեր առաջ, հենց ինքն է հնչեցրել դպրոցի առաջին զանգը։
«Ներքին ձայնս այսօր կարծես ասեր, որ իրեն տամ զանգը, չգիտեմ ինչի... Հետո իմացանք այս բոթը, որից հետո ամբողջ գյուղով շոկի մեջ ենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Լանջիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ծովիկ Հովհաննիսյանը։
Տիկին Հովհաննիսյանը հուզմունքով է հիշում է` ծառայության մեկնելուց առաջ Վաչագանի խոսքերը. «Գնում եմ պարտքս կատարեմ, երկիրը ունի մեր կարիքը»։
Վաչագանի հայրը հիմնականում արտագնա աշխատանքի է մեկնում ՌԴ, վերջին մեկ տարին աշխատում է Երևանում։ Մայրը տնային տնտեսուհի է։ Երկուսն էլ լուրջ առողջական խնդիրներ ունեն, դրա համար Վաչագանը շատ բան իր վրա էր վերցրել։
«Աշխատող տղա էր, ծնողին օգնում էր ամեն ինչով»,– ասաց տնօրենը։
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր: