ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նստավայրում կրակոցներ արձակած երկու անձինք կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։
«Նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով ենթադրյալ հանցագործություն կատարած և ձերբակալված 1981, 1983 թվականներին ծնված կասկածյալները որպես մեղադրյալ են ներգրավվել և նրանց մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է բացահայտ ցինիզմով) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)»,–ասված է հայտարարության մեջ:
Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ օգոստոսի 28-ին, ժամը 03:05-ի սահմաններում, Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում կրակոցներ էին հնչել, հարուցվել էր քրեական գործ։
Հանցագործության կատարման կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի 1983թ և Ասկերանի շրջանի 1981թ. ծնված բնակիչները ձերբակալվել էին: