Արայիկ Հարությունյանը գործընկերներին հորդորել է սատար կանգնել նոր ձևավորվող իշխանությանը

Արցախի նախագահը ներկայացրել է նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին:
Արցախի նախագահը ներկայացրել է նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գործընկերներին հորդորել է սթափորեն գնահատել իրավիճակը և սատար կանգնել նոր ձևավորվող իշխանությանը` երկրում ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու, ներքին ու արտաքին հնարավոր մարտահրավերներին դիմակայելու հարցում: Այս մասին նա այսօր հայտարարել է կառավարության անդամների, պետական կառավարման այլ մարմինների և դատական համակարգի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ։
Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նա այսօր ներկայացրել է Արցախի նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին:
Արայիկ Հարությունյանը հավաքվածներին է ներկայացրել նաևիր հրաժարականի դրդապատճառները։
«Մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը շատ պատասխանատու ժամանակաշրջան է։ Դրա հաղթահարումը և իրավական ճանապարհով իշխանափոխության իրականացումը պետականության պահպանման համար կարևոր նշանակություն ունեն»,– ասել նա:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Գուրգեն Ներսիսյանին երկրի համար բարդ ժամանակաընթացքում պետական կառավարման համակարգում պատասխանատվություն ստանձնելու համար և Սամվել Շահրամանյանին՝ պատմական ծանր ժամանակաշրջանում պետական նախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկն ընդունելու համար:
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: