Ժողովուրդը պետք է հանրաքվեով «ոչ» ասի Արցախը Ադրբեջանի կազմում լինելուն. Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյան
ՀՀ նախին վարչապետը կարծում է, որ իրավիճակ փոխել հնարավոր կլինի միայն համառությամբ և ուժով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Հայաքվե» նախաձեռնությունը քաղաքական մեծ նշանակություն ունի։ Շատ կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով «ոչ» ասի Արցախը Ադրբեջանի կազմում լինելու։ Այսօր «Հայաքվե» նախաձեռնության 58 հազար ստորագրությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը։
«Դեռ 90-ականներին ԱԺ–ն որոշում էր ընդունել, որ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի թուղթ ստորագրել, ըստ որի Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Իսկ այսօրվա իշխանությունը պարզ ասում է, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, նման իշխանություն մենք դեռ չենք ունեցել ` իրենց բոլոր դրական և բացասական կողմերով։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հետո էլ չլինի. նրանք միակն են ու դրա համար էլ իրենք են հիմա թիրախավորված»,– ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի փորձերին` Աղդամի ճանապարհով ԼՂ–ին «օգնություն» տալու փորձերին ու արցախցիների ընդդիմանալուն, Վազգեն Մանուկյանը ասաց, որ նրանց արարքը աննախադեպ է։
«120 հազար մարդ, իրենց փոքր ծծկեր երեխաներով, մեծահասակներով , իրենք էլ սոված` հրաժարվեցին այդ օգնությունից, ասացին, որ այդ ճանապարհով չեն ուզում։ Սա հերոսություն է և լավ օրինակ է մեր ժողովրդի համար։ Միայն համառությամբ և ուժով կարելի է իրավիճակ փոխել»,– ասաց Վազգեն Մանուկյանը։
Նշենք, որ «Հայաքվե» նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։
Հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։
Օգոստոսի 5–ին «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվեց. դրան մասնակցել է ավելի քան 58 հազար քաղաքացի։