Ըստ հարցումների` Ավինյանն ու Մարությանը հավակնում են ամենից շատ ձայներ ստանալ

Արխիվային լուսանկար
Հարցվածների մոտ 75 տոկոսը նշել է, որ անպայման մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–Sputnik. Հեռախոսային հարցումներին մասնակցած երևանցիների 38,3 տոկոսը չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
«Այս ձայների համար, ըստ երևույթին, առաջիկա օրերի ընթացքում պետք է գնա քաղաքական ուժերի պայքարը, որպեսզի նրանց համոզեն կամ ուղղորդեն քվեարկել իրենց ծրագրի, հետևաբար` իրենց կուսակցության օգտին»,– ասաց Նավասարդյանը։
Ամփոփելով հարցումների արդյունքները նա հայտնեց` 15,1 տոկոսը քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Տիգրան Ավինյանի, 9,6 տոկոսը` «Ազգային առաջընթաց կուսակցության» ու Հայկ Մարությանի, 3,8 տոկոսը «Մայր Հայաստան» դաշինքի` Անդրանիկ Թևանյանի, 3 տոկոսը` «Հանրապետություն» կուսակցության և Արտակ Զեյնալյանի, 2,7 տոկոսը` «Հանրային ձայն» կուսակցության` Արտակ Գալստյանի, 2,5 տոկոսը` «Ապրելու երկիր» կուսակցության և Մանե Թանդիլյանի, 2,2 տոկոսը` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և Դավիթ Խաժակյանի, 1,5 տոկոսը` «Հաղթանակ» կուսակցության և Վիկտոր Մնացականյանի օգտին։ Մնացած տոկոսները բաշխվել են մասնակից մյուս ուժերի միջև։ Հարցվածների 19,2 տոկոսը թեպետ կողմնորոշվել է ընտրության հարցում, բայց հրաժարվել է բարձրաձայնել այն։
Արամ Նավասարդյանի խոսքով` իրենք հարցումներ են իրականացրել 800 երևանցիների շրջանում, նրանցից 25,1 տոկոսը նշել է, որ չի մասնակցելու ընտրություններին, իսկ 74,9 տոկոսը հաստատել է մասնակցությունը։
«Փորձը ցույց է տալիս, որ ոչ ավելի, քան 50 տոկոսն է գալիս ընտրությունների»,– նշեց Նավասարդյանը։
Ըստ նրա` սա ամենակարևոր խնդիրներից է, որ բոլոր քաղաքական ուժերն ու դաշինքները պետք է իրագործեն այս օրերի ընթացքում, անեն ամեն բան, որ սեպտեմբերի 17-ի առավոտյան մեր քաղաքացիները կատարեն իրենց պարտքը։
Հեռախոսային հարցումների ընթացքում նաև հետաքրքրվել են, թե որոնք են Երևանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրները։ Ամենաշատը նշվել է աղբահանության խնդիրը, այնուհետև` տրանսպորտը, ճանապարհների որակը, այգիների և հանգստի վայրերի բացակայությունը, գնաճը, օդի աղտոտվածությունը, ջրամատակարարումը։